Ժամանակակից բիզնեսում, որտեղ կիբեռանվտանգությունը, կազմակերպվածությունն ու արդյունավետությունը վճռորոշ նշանակություն ունեն, VLAN-ը (Virtual Local Area Network), այսինքն՝ վիրտուալ տեղային ցանցը, ցանցի օպտիմալացման հիմնական տեխնոլոգիաներից մեկն է։
Ի՞նչ է VLAN-ը։
VLAN-ը տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս միևնույն ֆիզիկական ցանցային ենթակառուցվածքի վրա բաժանել սարքերը վիրտուալ խմբերի, այնպես, որ դրանք հաղորդակցվեն միմյանց հետ այնպես, կարծես գտնվում են ամբողջովին առանձին ցանցերում։

Ինչո՞ւ ենք օգտագործում VLAN-ը։
VLAN-ի օգտագործումը ընկերություններում իրականացվում է հետևյալ նպատակներով․
• Անվտանգության բարձրացում — տարբեր բաժինների սարքերը միմյանց հասանելիություն չեն ունենում, եթե դա հատուկ թույլ չտրվի։
• Ցանցի կառավարման պարզեցում — օգտատերերի տրամաբանական բաժանումը մեծացնում է վերահսկման հնարավորությունը։
• Տրաֆիկի բեռնաթափում — Broadcast տրաֆիկը հնարավոր է սահմանափակել և կառավարել կոնկրետ VLAN-ում։
• Հարմարավետություն և ճկունություն — անկախ աշխատակցի ֆիզիկական տեղակայությունից, նա կարող է մնալ նույն VLAN-ում։
Ի՞նչ տեսակների VLAN-ներ են օգտագործվում։
Ընկերություններում օգտագործվում են VLAN-ների մի քանի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը․
1. Default VLAN
Հիմնական, լռելյայն VLAN-ը, սովորաբար VLAN 1 — բոլոր պորտերը ավտոմատ կերպով ներառվում են այստեղ, մինչև դրանք հատուկ չբաշխվեն այլ VLAN-ների մեջ։
2. Data VLAN
Հայտնի է նաև որպես «User VLAN»։ Այստեղ ներառվում են համակարգիչները, IP հեռախոսները և օգտատերերի այլ սարքեր։
3. Voice VLAN
Օգտագործվում է IP հեռախոսների սեգմենտավորման համար։ Ունի բարձր առաջնահերթություն (QoS), ինչը բարելավում է ձայնային հաղորդակցությունը։
4. Management VLAN
Օգտագործվում է ցանցային սարքերի (switch, router) կառավարման համար։ Ունի պաշտպանված և սահմանափակ հասանելիություն։
5. Native VLAN
Օգտագործվում է trunk պորտերի վրա չպիտակավորված տրաֆիկի փոխանցման համար։ Անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ է ճիշտ կոնֆիգուրացիա։
6. Guest VLAN
Հյուրերի համար առանձնացված մեկուսացված ցանց, որը չի տրամադրում հասանելիություն հիմնական ներքին ռեսուրսներին։
7. Private VLAN (PVLAN)
Օգտագործվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է մեկ հիմնական VLAN-ի շրջանակում ցանցի ավելի խիստ մեկուսացում։ Հիմնականում կիրառվում է data center-ներում։
VLAN-ի հիմնական առավելությունները․
1. Անվտանգություն
Օգտատերերի մեկուսացումը պաշտպանում է տվյալներն ու ռեսուրսները չարտոնված հասանելիությունից։
2. Ցանցի աշխատանքի բարելավում
Broadcast տրաֆիկի նվազեցումը նվազեցնում է ցանցի ծանրաբեռնվածությունը։
3. Հեշտ կառավարվող ենթակառուցվածք
Ադմինիստրատորը կարող է իրականացնել միասնական քաղաքականություն կոնկրետ սեգմենտների համար։
4. Ընդլայնելիություն
Անկախ օգտատիրոջ ֆիզիկական տեղակայությունից, VLAN-ի միջոցով նա մնում է իր խմբում։
5. Ծախսերի նվազեցում
Լրացուցիչ ֆիզիկական ցանցային ենթակառուցվածք անհրաժեշտ չէ — միայն խելացի (manageable) switch-եր և համապատասխան կոնֆիգուրացիա։
VLAN-ը հանդիսանում է ցանցի նախագծման և անվտանգության ժամանակակից ստանդարտ։ Դրա կիրառումը ցանկացած չափի ընկերության հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարել ներքին IT ենթակառուցվածքը, բարելավել ցանցի աշխատանքը և պաշտպանել կարևոր տվյալները։
Եթե ցանկանում եք կազմակերպել ձեր ցանցը ժամանակակից ստանդարտներով, VLAN-ը հենց այն գործիքն է, որն անհրաժեշտ է ճիշտ կոնֆիգուրացված IT ենթակառուցվածքի համար։