ցանցային ենթակառուցվածք
AMD-ն շուկայական կապիտալիզացիայով առաջ անցավ Intel-ից | Առաջնության պայքարը պրոցեսորների արդյունաբերությունում
Համակարգչային պրոցեսորների արդյունաբերությունը կանգնած է կարևոր փոփոխությունների առաջ․ պատմականորեն առաջատար Intel ընկերությանը շուկայական կապիտալիզացիայով առաջ է անցել նրա գլխավոր մրցակից AMD-ը։
Ընթացիկ շաբաթվա առևտրային սեսիայի ավարտից հետո AMD-ի շուկայական արժեքը հասել է 153.1 միլիարդ դոլարի, իսկ Intel-ի արժեքը նվազել է մինչև 148.5 միլիարդ դոլար։
Հատկանշական է, որ Ուոլ Սթրիթի վերջին առևտրային սեսիան Intel-ի համար ավարտվել է չափազանց անբարենպաստ արդյունքով․ ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է գրեթե 9%-ով, ինչը պայմանավորված է հիասթափեցնող եռամսյակային արդյունքների հրապարակմամբ։
Ֆինանսական հաշվետվությունից պարզ է դառնում, որ Intel-ը երկրորդ եռամսյակում ստացել է 15.3 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը զգալիորեն զիջում է վերլուծաբանների կանխատեսած 18 միլիարդ դոլարին։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության եկամուտները նվազել են 22%-ով, ինչը 1999 թվականից ի վեր գրանցված ամենավատ ցուցանիշն է։ Նշվում է նաև, որ Intel-ը երկրորդ եռամսյակը փակել է 453 միլիոն դոլարի վնասով։
Ընկերության ներկայացուցիչների մեկնաբանությամբ՝ անբարենպաստ արդյունքները պայմանավորված են համաշխարհային տնտեսական ակտիվության նվազմամբ և կիսահաղորդիչների պակասով։
Ինչ վերաբերում է Advanced Micro Devices-ին, ընկերությունը հիմնադրվել է Կալիֆոռնիայում 1969 թվականին և ամբողջ աշխարհում ունի մոտ 16,000 աշխատակից։ Մեկ շաբաթվա ընթացքում AMD-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 9.1%-ով, իսկ մեկ ամսվա ընթացքում աճը կազմել է +23.5%։